

«Փարաջանով-100» նախագծի համատեքստում սովորողների հետ ուսումնասիրեցինք Սերգեյ Փարաջանովի կյանքից կոնկրետ դրվագ, որը հենց առաջացրեց «թալերների» պատրաստման գաղափարը: Խոսքը գնում է Փարաջանովի անազատության մեջ գտնվելու ընթացքում առաջացած ստեղծագործությունների մասին`ալյումինե թիթեղներից ձեռքերով դրվագված մետաղադրամների, «թալերների» մասին:




Սովորողների հետ միասին ուսումնասիրելով Փարաջանովի աշխատանքները սկսեցինք նախագծել այդ գաղափարի մեր տեսանկյունը: Այն բաղկացած է երկու մասից` ձեռագործ և թվային:
Ձեռագործ թալերներ պատրաստել են ոսկեգործական լաբորատորիա հաճախող բոլոր սովորողները երկու տարբերակով մեկն իրենց անվանատառով, որը ցուցադրվեց հաշվետու ցուցահանդեսի ընթացքում, և մյուսը ավելի վաղ, «Ձոն» ստուգատեսի համատեքստում պպատրաստված իրենցմայրիկների անվանատառերով:
Մեծ ձեռքբերում է այն, որ «Փարաջանով-100» նախագծի թվային մասն առաջին անգամ իրականացվեց միջին դպրոցի սովորողների`Ավետ Սարդարյանի և Էրիկ Օհանյանի կողմից, քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մարգարյանի հետևողական ուղղորդմամբ:

Արդյունքում ստացվեցին ազգային թռչնատառերի սիմվոլներ պարունակող անվանատառեր, որոնք միասին ձևավորեցին «ՓԱՐԱՋԱՆՈՎ» ազգանունը ի պատիվ հայ մեծ ստեղծագործողի: Հատկանշական է, որ նախագծի իրականացման ժամանակ օգտագործվեցին մի քանի ոսկեգործական տեխնոլոգիաներ՝ 3D մոդելավորում-նախագծում, 3D տպագրություն, ձուլում, ձեռագործ սարգահատում, արծնապակեպատում`օգտագործելով թեմատիկ, ազգային մշակույթին բնորոշ գունապատում: Արծնապակեպատումը իրականացեցին միջին դպրոցի սովորողներ Իռեն Գալստյանը և Լիա Մկրտչյանը:





