Ի ուրախություն ինձ՝որպես ուսուցիչ, այս տարվա «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակի մոտ 35%-ը կրկին ընտրել էին իմ առարկան ՝ կրտսերից տեղափոխվելով միջին կամ միջինից՝ ավագ դպրոցներ: Իրենք կամ շարունակում են իրենց նախորդ ուսումնական տարվա նախագծերը, կամ նոր անհատական նախագծերի վրա են աշխատում և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ոսկեգործության հետ կապված:
Իրենց հետ միասին նորամուտ ունեին մյուս սովորողները, որոնց հետ կատարվում են չափի, ձևի, գույնի, ծավալի վերաբերյալ ծանոթացման աշխատանքներ: Նոր սովորողները աստիճանաբար ընդգրկվում են ոսկեգործական զարգացումներին: Դա երևում է իրենց անհատական բլոգներում: Դրանց հղումները կդրվեն իմ բլոգում՝ առանձին ենթավերնագրի տեսքով: Հատուկ ուզում եմ նշել երկու դրական տենդենց, որոնք ավելի արդյունավետ են դարձնում դասավանդման պրոցեսը: Առաջինը դա համարյա բոլոր ուսումնական օրերին զուգահեռվող դասընթացներն են, երբ դասարանում ներկա են գտնվում միջին-կրտսեր կամ ավագ-կրտսեր դպորցների սովորողներ: Քանի որ ուսումնական տարածքը բաղկացած է երեք լաբորատորիաներից, առաջանում է յուրահատուկ էկոհամակարգ: Ցանկացած սովորող և\կամ խումբ գտնում է իրեն ամենահարմար անկյունը, ամենահարմար ոսկեգործական ճյուղը և իմ ուշադիր ներկայությամբ իրագործում իր ստեղծագործական երազները:
Բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները շարունակում են, կամ նոր սկսել են «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերի մասնակցությունը: Որոշ սովորողներ ընտրել են իրենց համար ավելի նախընտրելի անհատական նախագծեր:




Հատուկ ուշադրության արժանացան ավագ դպրոցի այս տարվա 9-րդ դասարանցիները, քանի որ ապագա մասնագիտական կողմնորոշման խնդիր կա: Եվ ոսկեգործությունը մասնագիտությունների այն հավաքածուն է պարունակում, որտեղից կարող են թե տղաները, թե աղջիկները ընտրեն ապագա հավանական մասնագիտությունը: Այդ պատճառով, 9-րդ դասարանի սովորողների հետ ավելի արագացված անցանք բուն մոդելավորման, մետաղագործական փուլերին: Ժամանակի ընթացքում ինձ մոտ հավաքված «խոտանված» արծաթյա իրերի պատրաստվածքները, որոնք ցանկացած դեպքում վնասված են, տրվեցին մշակման 9-րդ դասարանցի ակտիվիստներին: Արդյունքում առաջացավ առողջ ոգևորություն՝ մասնագիտական գործիքներով աշխատանքի հմտություններին ծանոթանալու ակնառու հնարավորություն և դրան համապատասխան զգացումներ:
Ազնիվ մետաղների հետ աշխատանքը յուրահատուկ բերկրանք է առաջացնում ստեղծագործող արհեստավորի մոտ: Զոդման, հղկման, փայլեցման օպերացիաների հետ ծանոթացումը և մասնավորապես ուղիղ, պրակտիկ մասնակցությունը կապ է ստեղծում այն տեսական գիտելիքների և էսթետիկ զարգացումների հետ, որոնք մինչև այդ առաջանում են դասապրոցեսների ընթացքում: Այդ բոլորի տրամաբանական կապը տեսնելով և ավարտուն օբյեկտի առաջանալուն պես, սովորողի մոտ վստահություն է առաջանում թե առարկայի, թե դասավանդման մեթոդիկայի, որը ամենակարևորն է իրենց ուժերի նկատմամբ:




Հոկտեմբեր ամսին ոսկեգործական լաբորատորիա այցելեց արցախցի քանդակագործ-նկարիչ, կրթահամալիրում կազմակերպված փառատոնի մասնակից Առնոլդ Մելիքսեթյանը և իր կողմից կատարված, դեռ մինչ պատերազմյան շրջանում մեր կողմից ձուլված արձանիկը մշակեց՝ իմ և սովորողների աջակցությամբ:

